Թե պիտի մի օր ի վերջո տեսնեմ
Արդարությունը` հաղթանակ կերտած,
ՈՒրեմն ինձ կյանք տուր,
Կյա՛նք տուր ինձ, Աստվա՛ծ։
Թող ճշմարտության ճամփան լինի նեղ,
Խութերով, քար ու փշերով պատված.
Թե պիտի՛ հասնեմ ես ճշմարտության`
ՈՒրեմն մաքառման կա՛մք տուր ինձ, Աստվա՛ծ։
Թե լսելի է աղոթքն արդարի`
Արդար ապրելու ուժ տուր ինձ, Աստվա՛ծ,
Թե աղոթքը ինձ քեզ մոտ կբերի`
Հոգով ու սրտով Քո դեմ ծնկելու կամք տուր ինձ, Աստվա՛ծ։
Թե մեղք է սերն ի վերուստ ինձ տրված,
Թե մեղքի վարձքը մահն է, անկասկած,
ՈՒրեմն թող մեռնեմ. մեռնեմ սիրելով`
Մահվանը հաղթած։
Թե լույսերից է երազս հյուսված,
Թե երազանքս նյութին չի գամված,
Թե կամքիդ մեջ է իղձս ծվարած`
Օգնի՛ր ինձ` հասնել երազիս, Աստվա՛ծ,
Թե պիտի ապրեմ առանց երազի,
Թե պիտի լինեմ անսեր, անաստված,
Թե ճշմարտությունն ինձ պիտ չբացվի,
Արդարությանը պիտ մնամ անհաս`
ՈՒրեմն ա՛ռ , մեռած հոգիս ա՛ռ, Աստված։
Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
26.09.2024